Հոկտեմբերի 21-ին էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար 11 թեկնածու է գրանցվել, ֆավորիտները, ըստ տեղացիների, երկուսն են՝ «Լույս» դաշինքից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
«Քաղաքապետի պաշտոնին արդեն տևական ժամանակ հարմարված ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը չի ցանկանում հրաժարվել այդ աթոռից: Հարմարվել է, լավ դիրք է զբաղեցնում, էլ ինչու՞ պետք է ցանկանա զիջել:
Ի դեպ, Դիանա Գասպարյանը նախորդ իշխանությունների ժամանակ այդ արդարադատության նախարարությունում ՄԻԵԴ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել: «Լույսի» թեկնածուն նույնպես հարգված ու սիրված երիտասարդ է, Մոսկվայում է սովորել, խելացի է: Քաղաքի բնակիչների մի ստվար զանգված էլ նրան է ուզում քաղաքապետ տեսնել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց էջմիածինցիներից մեկը:
«Լույս» դաշինքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրենց թեկնածուն չի պատրաստվում հանձնվելու, ամբողջ թիմով պայքարելու են մինչև վերջ: «Ճիշտ է, Դիանան Փաշինյանի թիմից է, նրա աջակցությունն է վայելում, բայց մենք լուրջ մրցակից ենք լինելու և Երևանի ընտրության պատկերը ստվերելու ենք»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ